Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Ավելի ազատ, ավելի ամուր, ավելի վստահելի հենարան, քան իմ հողն է, ոչ մի տեղ չեմ հանդիպել»

«Ավելի ազատ, ավելի ամուր, ավելի վստահելի հենարան, քան իմ հողն է, ոչ մի տեղ չեմ հանդիպել»
18.12.2015 | 00:45

«Իրատեսի» հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների դերասան ՎԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Նա այս տարի դարձել է 65 տարեկան: Շնորհավորում ենք և մաղթում ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ նաև հետագա տարիներին:

«ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ՔՆՈՒՄ, ԵՐԲ ԾԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՅԴՊԻՍԻ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»


-Պարոն Մկրտչյան, Աղասի Այվազյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ոտավորը» մանրապատումում մարմնավորել եք մի խոսուն կերպար, որն այսպիսի ասելիքով է հանդես գալիս տեսաֆիլմում. «Էս հողին օտարի ոտք չի կպել: Էս հողի վրա օտարը ոտք չի դրել: Օտարի ոտք չդիպած մի պատառ հող որ չլիներ, բա ո՞նց կմնար էսքան աշխարհը: Մի փոքրիկ տեղ պիտի մնար, որ դառնար Հայաստան»: Ո՞րն է Ձեր բաժին հողը, Ձեր ունեցած Հայաստանը:
-Այն ամրությունը, այն վստահությունը, այն զգացողությունը, որ ունեմ իմ բաժին հողի հետ կապված, չգիտեմ՝ ուրիշ որտե՞ղ կարող է լինել: Շա՜տ-շատ երկրներում եմ եղել Երկիր մոլորակի վրա: Ավելի ազատ, ավելի ամուր, ավելի վստահելի հենարան, քան իմ հողն է, ոչ մի տեղ չեմ հանդիպել: Մի վայրկյան անգամ չեմ մտածել, որ կարող եմ մնալ ուրիշ հողի վրա: Նույնիսկ դրսում ունեցածս ընկերների հորդորը՝ մնալ, ունենալ աշխատանք, ապահով ապրել, ես չեմ հասկացել: Ես ունեմ իմ մասնագիտությունը, իմ հայրենիքը, իմ հողը, որոնցից դուրս լինել չեմ կարող:
-Այնուհանդերձ, Դուք հրաշալի կերպով մարմնավորել եք ԱՄՆ-ում ապրող հայ ծերունու կերպարը Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ» ներկայացման մեջ: Չընդունելով արտագաղթ երևույթը՝ օտար միջավայրին շատ լավ հարմարված հայի կերպար եք ստացել բեմում: Ինչպե՞ս դա բացատրել:
-Պիեսում իմ կերպարը, թեև հարմարված է ամերիկյան միջավայրին, ունի անվճար բուժման, սնվելու, ժամանցի հնարավորություն, նրա համակրանքը Հայաստանից եկած տղայի կողմն է: Նրան պայմանները դրել են այնպիսի կապանքի մեջ, որ նա չցանկանա հետ գնալ Հայաստան: Բայց, միևնույն է, ամբողջ պիեսի ընթացքում նա համոզված սիրում է Հայաստանից եկած տղային և դեմ է, որ իր թոռն ամուսնանա ամերիկաբնակ հայ տղայի՝ «լպուզի» հետ: Նա թոռանը պատմում է, որ այնպիսի մեծ գրադարան է ունեցել, որը կարող էր Թումանյանի գրադարանի հետ համեմատվել: Իսկ այդ գրքերում գրվածը նրա գիտակցության մեջ էր, ուրեմն նա պիտի հենց այդպիսին լիներ: Ես իրականում տեսել եմ այդ մարդկանց: Նրանք հաճախում են մանկապարտեզ: Դրսում այդ մանկապարտեզ կոչվածները դղյակներ են, ոչ թե մեր երկրի ծերանոցների նման խեղճուկրակ շինություններ: Վերջերս եմ գնացել մի շատ մտերիմ, տաղանդաշատ մարդու մոտ (անունը չտամ), որ ապրում է հայաստանյան ծերանոցում: Այդ ծերանոցն անգամ տարրական հարմարավետությունից է զրկում իր բնակիչներին: Ես չգիտեմ՝ մեր պետական այրերն ինչպե՞ս են հանգիստ քնում, երբ ծեր մարդիկ ապրում են այդպիսի պայմաններում:
-Դե՜, նրանք դղյակներում են քնում և շատ տաքուկ-փափուկ անկողիններում:
-Սիրտս ճմլված՝ վերադարձել եմ մտերմիս մոտից, շուտով կրկին պիտի այցելեմ, իհարկե: Մարդիկ երկու հոգով ապրում են մի փոքրիկ տարածքի մեջ, սնվում են ինչ-որ բանով, ընդամենը այդքանը: Իսկ Ամերիկայում ծերերի համար ստեղծված է ամենաանհոգ վիճակը, ստեղծված է ամեն պայման, որպեսզի նրանք իրենց լավ զգան: Այնուամենայնիվ, «Վերջին կանգառում» իմ մարմնավորած հայ ծերունին մեծ ոգևորությամբ վերադառնում է Հայաստան, որովհետև Ամերիկան իր երկիրը չէ, այն հողը չէ, որի վրա ինքը կարող է ապրել:


«ԲԱՂԴԱՍԱՐ ԱԽՊԱՐՈՒՄ» ԽԱՂԱՑԱԾ ԴԵՐՍ ԵՂԵԼ Է ԱՄԵՆԱԲԱՐԴ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»


-Համազգային թատրոնում ներկայացվող Շեքսպիրի «Համլետում» երկու տարբեր կերպարներ եք մարմնավորել՝ դերասանի և գերեզմանափորի: Հաշված րոպեների ընթացքում կտրուկ կերպարանափոխության եք ենթարկվում՝ ստեղծագործող մարդու՝ դերասանի կերպարից վերածվելով պրագմատիկ, ցինիկ գերեզմանափորի: Մեկ ներկայացման մեջ այսպիսի կտրուկ անցումը որքանո՞վ է պայմանավորված ռեժիսորի, որքանո՞վ՝ դերասանի աշխատանքով:
-Ես միշտ կանգնած եմ եղել թատրոն եկող երիտասարդ դերասանների կողքին և նրանց խորհուրդ եմ տվել, որ անվերջ փոփոխվեն, չմնան նույն կետի վրա, նույն տեղում, նույն դերի մեջ: «Համլետում» դերասանի կտորը շատ փոփոխությունների ենթարկվեց բեմադրության ընթացքում: Վիգեն Չալդրանյանը շատ մեծ աշխատանք տարավ այդ ուղղությամբ: Ես էլ, Վիգենն էլ շատ չարչարվեցինք: Ես վախենում էի, որ կարող են չտարբերվել կերպարներս, թեև նախկինում էլ են եղել դեպքեր, երբ միևնույն ներկայացման մեջ երկու դեր եմ խաղացել: Բայց հաղթահարվեցին դժվարությունները՝ ընդհանուր ուժերի հաշվին: Հնարավոր չէ բեմում միշտ միևնույն մարդը լինել: Ստացվեց, կարողացանք: Այս երկարուձիգ ստեղծագործական տարիների մեջ ինձ համար ամենատպավորիչը եղել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Բաղդասար ախպարում» խաղացած դերս: Դա եղել է ամենաբարդ, ամենաբարձր դերասանական աշխատանքը, որի ընթացքում ես ինքս ինձ էլ եմ մոռացել: Էլբակյանն ասաց, որ դա այն դերն է, որը խաղալով՝ կարող ես և՛ տապալվել, և՛ հասնել մեծ հաջողության: Եվ, բարեբախտաբար, եղավ հաջողություն, ոչ թե ձախողում:
-Ասում եք, որ հնարավոր չէ բեմում միշտ միևնույն մարդը լինել: Բեմում, այո՛, հնարավոր չէ և խրախուսելի էլ չէ միշտ միևնույն մարդը լինել: Իսկ կյանքո՞ւմ։ Հե՞շտ է պարագաների բերումով փոխվել և դառնալ ուրիշ մարդ:
-Կյանքում հնարավոր չէ: Եվ նույնիսկ ամոթ է: Երբեմն մեր մասնագիտության տեր մարդկանց մասին ասում են, թե կյանքում էլ են դերասանություն անում: Սա տհաճ է:

«ՄԱՐԴԸ ՄԵՆԱԿ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄԵՆԱԿ Է ԶԳՈՒՄ»


-Երբ վերջին ամիսներին նայում էի Ձեր խաղը երկու թատրոններում, հիշում էի Մուրադ Կոստանյանին տրված գնահատականը. «Փոքր դերերի մեծ վարպետը»: Դուք մեկ էպիզոդում կարողանում եք Ձեզ վրա հրավիրել ամբողջ դահլիճի ուշադրությունը: Լավագույն օրինակը, թերևս, Կարեն Խաչատրյանի բեմադրած «Վիշապը» ներկայացման Շարլեմանն է՝ մի ողջ գաղափարախոսություն խտացրած իր դիտարկմամբ. «Վիշապներից պաշտպանվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է»: Բայց Համազգային թատրոնի «SALE» ներկայացումը համոզեց, որ Դուք նաև բեմադրության կենտրոնում, գործողությունների կիզակետում գտնվելիս, նաև շատ տպավորիչ խաղընկերներ ունենալիս եք կարողանում գրավել հանդիսատեսին և Ձեզ վրա բևեռել բոլորի ուշադրությունը: «SALE»-ում մարդու միայնակության սարսափելի խնդրի համար Ձեր մարմնավորած կերպարն առաջարկում է չափազանց ճկուն-անսպասելի լուծում: Սա ընկալելի է արվեստում, բեմում: Իսկ կյա՞նքն ինչ լուծումներ է առաջադրում համամարդկային այդ խնդրին. կարծում եք՝ հնարավո՞ր է այդքան թեթև ու կենսուրախ մոտեցմամբ հաղթահարել միայնակության մռայլ բեռը:
-Պիեսում իմ հերոսը կնոջ մահից հետո գյուղի իր տանը մենակ մնացած մարդն է, որին հարազատ երեխան բերել է քաղաք, որ նրա նկատմամբ հոգ տանի: Իսկ իրականում բերել է այն բանի համար, երևի, որ այդ մարդն իրենց տան պահապանը դառնա, դուռը բացի, հեռախոսազանգերին պատասխանի և այլն: Այդ մարդը քաղաքում՝ իր աղջկա և փեսայի կողքին, ավելի մենակ է: Էստեղ էլ երևի հողի անդրադարձը կա: Ասֆալտը ուրիշ բան է, մարդուն կտրել են իր հողից, իր հարազատ միջավայրից: Այդ մարդն իր կյանքն ունի գյուղում, որից չի դժգոհում: ՈՒնի իր աշխատանքը, իր զբաղմունքը, իսկ քաղաքում նա լրիվ օտար է, իրեն չեն հասկանում, ինքն էլ իր հարազատ երեխային չի հասկանում: Ինքը լավ մարդ է, և ուզում է բոլորի մեջ բարություն սերմանել: Եվ ահա հանդիպում են նրան երեք միայնակ կանայք, որոնց նա առաջարկում է գալ իրենց գյուղ, զբաղվել այնտեղ իրենց գործով, չլինել միայնակ: Եվ նրա առաջարկությունն ընդունվում է:
-Որովհետև նրանք բոլորը մեկ խնդիր ունեին՝ միայնակությունը:
-Այդ միայնակությունը նրանց տանջում է, և իմ հերոսի նպատակն է, որ նրանք լինեն միասին ու դադարեն տանջվելուց: Մարդկանց կարող է թվալ, թե այստեղ գյուղի քարոզն է տարվում, բայց բոլորովին այդպես չէ: Այստեղ մենակությունը հաղթահարելու խնդիրն է: Մարդը մենակ է այն ժամանակ, երբ ինքն իրեն մենակ է զգում: Իսկ որպեսզի չզգա, ինքը պետք է իր համար ելք գտնի, զբաղմունք գտնի, իր շրջապատում համախոհներ գտնի: Այդ դեպքում նա կդադարի մենակ լինելուց:

«ԱՆՀԱՐՄԱՐ ԵՄ ԶԳՈՒՄ ԱՍԵԼ ԻՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ»


-Իբրև դերասան, իբրև արվեստագետ՝ Դուք Ձեր խոսքն ասում եք բեմից, իսկ ի՞նչ ունի ասելու հասարակությանը մարդ-անհատ Վանիկ Մկրտչյանը իր անունից, ոչ թե այս կամ այն կերպարի, այս կամ այն դրամատուրգի:
-Չկա այնպիսի տարածք, որտեղ չլինեն լավ մարդիկ: Բայց մեր երկիրը բոլորովին ուրիշ է, հայի տեսակն ուրիշ է: Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ որևէ բացասական բան իմ շուրջը: Օրերով մտքիցս դուրս չի գալիս մեր կյանքում կատարված բացասական երևույթների մասին ինֆորմացիան, որ հասնում է ականջիս կամ ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Հիմա շոուներ կան, չէ՞, որոնց ընթացքում ցուցադրվող ամեն մի վտանգավոր էլեմենտը, ամեն մի վտանգավոր դրվագը դառնում է քարոզի նման մի բան: Մարդիկ նստած դիտում են, թե ինչ սարսափելի բան է կատարվել ուրիշների հետ, և բացասական ինֆորմացիան ազդում է մարդկանց վրա: Ես շատ եմ ուզում, որ չլինեն այդպիսի բաներ: Շատ եմ ուզում, որ իմ երկրի մարդիկ լավ ապրեն: Մեղավոր-անմեղ չեմ փնտրում, բայց ուզում եմ, որ հայի աշխատասեր, պայքարող, քարից հաց քամող տեսակը չկորցնի իրեն: Դժվար օրեր ենք ապրում, աշխատատեղեր չկան, աշխատավարձը ցածր է, մարդիկ արտագաղթում են, հարյուրավոր կուսակցություններ են բացվել, չգիտես ինչու, որոնք իրար դեմքի ցեխ են շպրտում, կառավարությունը չի մտածում ժողովրդի մասին: Բայց այս բոլորը կանցնի-կգնա, կմնան հողը, ժողովուրդը: Կառավարություն ասվածը մարդկանցից բաղկացած կառույց է, չէ՞: Եթե դու այդ կառավարության մեջ ես, եթե դու հայ ես, պիտի պայքարես քո ազգի բարօրության համար: Այն, ինչ տրված է իմ ազգին Աստծու կողմից, չպիտի կորչի: Մեկ-մեկ ինչ-որ ցմփորներ հարցնում են, թե ինչ աշխատավարձ եմ ստանում, ես անհարմար եմ զգում ասել իմ աշխատավարձի չափը: Բայց այն, ինչ ես եմ անում, ինչ դերասանն է անում, ունի այլ վարձատրություն: Երբ երկու ժամ դու լինում ես բեմում, հետո վերջանում է ներկայացումը, և 500-600 հոգի հոտնկայս քեզ ծափահարում է, դրանից ավելի թանկ բան կա՞:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ